Հայաստան Տնտեսություն 

Նիկոլայ Ռիժկովը, օրինակ, ասաց, թե այսպիսի մոտեցում չի կարող ցուցաբերել ռազմավարական գործընկերոջ նկատմամբ․ Վ․Սաֆարյան

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որ օրերս է վերադարձել Ռուսաստանից, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ շարժման ռուսաստանյան արձագանքներին, ասաց, որ այդ շարժումը ՌԴ-ում արժանացել էր որոշակի վերաբերմունքի, հիմնականում կար ըմբռնում, որ շարժումը շատ ճիշտ ուղի էր բռնել:

«Նիկոլայ Ռիժկովը, օրինակ, ասաց, թե այսպիսի մոտեցում չի կարող ցուցաբերել ռազմավարական գործընկերոջ նկատմամբ:  Դաշնային ժողովում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես գտնում են, որ դաշնակցի հետ հարաբերությունները պետք է զարգացնել այնպես, որ նա ունենա դինամիկ զարգացող տնտեսություն»,- ասաց Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ քննարկել են նաև հարցը, թե հնարավոր չէ արդյոք միասնական էներգետիկ համակարգի անցնել, որը շահեկան կլինի երկու երկրների համար էլ, ինչպես նաև ապրանքարտադրողների համար:

«Ստեղծված տնտեսական վիճակը վերջին 5 ամիսների ընթացքում ցույց է տալիս, որ մեր արտաքին առևտրի մեջ ունենք բավական ծանր իրավիճակ. 15 տոկոսով պակաս ապրանք ենք արտահանել, 62 տոկոսով քիչ ապրանք ենք ներմուծել»,- նկատեց ապրանքարտադրողների միության նախագահը, նշելով, որ առավել քան կարևոր է համարում մոբիլիզացիոն քաղաքականություն իրականացնելը:

«Լավ է, որ մեր հասարակությունն իր բարձրության վրա մնաց, սոցիալական հարց բարձրացրեց, տեր կանգնեց իր պահանջներին և չթողեց, որ քաղաքականացվի այդ շարժումը»,- կարծիք հայտնեց բանախոսը:

Նույն շարքից