Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը. տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:
Հիշեցնենք, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած եզրափակիչ լիագումար նիստին համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի հարցով: «Ողջ ծանր աշխատանքը արդյունք տվեց, մենք կնքեցինք գործարքը»,- գործակալությանը հայտարարել էր իրանցի դիվանագետը: