Հասարակություն Տնտեսություն 

Կառավարությունը կանոնակարգում է զոհված զինծառայողների հուղարկավորության ու տապանաքարերի տեղադրման հետ կապված հարցերը

Կառավարությունը փոփոխություններ է կատարում  «Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ:

Նոր խմբագրությամբ ասվում է. ««Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինները կազմում ու ֆինանսավորման նպատակով Ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն զոհված զինծառայողների ցուցակները, որոնց ընտանիքներին նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցել զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը»:

Ցուցակներում նշվում են զոհված զինծառայողի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված զինծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն /առկայության դեպքում/, գումարը ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը:

Որպես սույն օրենսդրության անհրաժեշտություն նշվում է, որ ոլորտի օպտիմալացման արդյունքում ներկայումս գանձապետական համակարգում չեն գործում տեղական գանձապետական բաժիններ, որոնց բացակայության պայմաններում, հնարավոր խնդիրները չեզոքացնելու մտադրությամբ՝ առաջարկվող մեխանիզմով խնդիր է դրվում առավել դյուրին դարձնելու շահառուների կողմից փոխհատուցման գումարների ստացման գործընթացը:

Նույն շարքից