Հիշում եմ և պահանջում գլխավոր 

Բելգիայի հայերին և արամեացիներին անհանգստացրել է Ցեղասպանության ճանաչման բանաձևում տեղ գտած ձևակերպումը

Բելգիայի հայկական և արամեական համայնքներն իրենց խորին անհանգստությունն են արտահայտել Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծում տեղ գտած ձևակերպման վերաբերյալ։ Բելգիահայերի կոմիտեն, Հայ Դատի հանձնաժողովն ու Բելգիայի արամեական ֆեդերացիան քննադատել են տեքստի երկդիմությունը՝ հայտնում է Asbarez-ը։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը փաստաթուղթն ընդունել է հուլիսի 7-ին, սակայն հայկական և արամեական համայնքների ներկայացուցիչները վրդովմունք էին արտահայտել բանաձևի 2-րդ և 9-րդ կետերի վերաբերյալ։

2-րդ կետը Բելգիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ընդունել, որ ժամանակակից Թուրքիան չի կարող բարոյական և պատմական պատասխանատվություն կրել ողբերգության համար, որը վերապրել են հայերը Օսմանյան կայսրությունում։ 9-րդ կետն աջակցում է օժանդակությանը Թուրքիայի և Հայաստանի ոչ կառավարական կազմակերությունների նախաձեռնություններին, որոնց աշխատանքն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը։

Հայկական և արամեական համայնքները երկրորդ կետն անվանել են «անհաջող»՝ նշելով, որ ավելի ու ավելի շատ մտավորականներ և Թուրքիայի քաղաքացիական հասարակության անդամներ են այսօր հանդես գալիս հօգուտ ճշմարտության ու, չնայած սպառնալիքներին, պայքարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Ինչ վերաբերում է 9-րդ կետին, հեղինակները նշում են, որ դա կքաջալերի ծագումով թուրք բելգիացիներին, ովքեր չեն համարձակվում հրապարակայնորեն ճանաչել հայերի և արամեացիների ցեղասպանությունը։

Նույն շարքից