Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում երրորդ օդանավակայանը կառուցող աշխատակիցների թիմի հետ հանդիպման ժամանակ նրանց հպարտությամբ հայտնել է, որ Ստամբուլում կառուցվում է Թուրքիայի և աշխարհի խոշորագույն օդանավակայանը։
Էրդողանը հայտարարել է, որ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա Ստամբուլի երրորդ օդանավակայանը կբացվի 2018 թվականի առաջին քառորդում. «Ներկա դրությամբ Սաբիհա Գյոչքենի անվան օդանավակայանից օրական թռչում ու վայրէջք է կատարում 628 ինքնաթիռ։ Սակայն դա բավական չէ։ Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատանքի հետ կապված նույնպես կան մտահոգություններ»։
Էրդողանի խոսքով՝ 2017 թվականին կբացվի Եվրասիա երկհարկանի թունելը, որն անցնելու է Բոսֆորի նեղուցի հատակով։
Խոսելով ազգի միասնության կարևորության մասին, Էրդողանը նշել է, որ պետության մեջ պետություն ճանաչելն անընդունելի է:
«Մենք միասնության ու համերաշխության կարիք ունենք, մենք մեզ մասնատել ցանկացողների դեմ համատեղ պայքարելու կարիք ունենք: Մենք լինելու ենք մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն»։