Հայաստան Քաղաքական գլխավոր 

Պառլամենտում լինելու են այն բոլոր կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսանոց արգելքը․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր կայացած ասուլիսին նշեց, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսված է նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ներկայացվածություն՝  1-4  հոգի, որոնք կգումարվեն այդ առնվազն  101 պատգամավորին:

«Պառլամենտում լինելու են այն բոլոր կուսակցությունները, որոնք կուսակցությունների համար կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսանոց շեմի արգելքը»,-ասաց նա և պարզաբանեց, որ տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, գործնականում՝ 120-130։

Նա օրինակ բերեց, որ եթե որևէ կուսակցություն առաջին փուլում 45 տոկոս ձայն ստանա, ապա երկրորդ փուլում հաղթելու դեպքում իր մանդատները կավելանան, և խորհրդարանում կհայտնվեն օրինակ՝ 110 հոգի: Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ երկրորդ փուլում կարող է նաև դաշինքներով մասնակցություն լինել, և հնարավոր է նաև կոալիցիաների ձևավորումը, իսկ նախագահը լեգիտիմության ավելի բարձր աստիճան է ունենում:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին լրագրողները հարցրեցին, թե ինչպես է նախագահը մարմնավորում ազգային միասնությունը՝ ինչպես նշված է Սահմանադրության 1-7 գլուխների լրամշակած տարբերակում:

Վարդան Պողոսյանն ասաց, որ պառլամենտական համակարգերում նախագահը կառավարման գործընթացներում ներգրավվածություն չունի:

Նա նշեց, որ նախագահի հիմնական ֆունկցիան Սահմանադրությանը հետևելն է, հետևաբար նա պետք է լինի վերկուսակցական, չեզոք, կողմնակալ չլինի և նպաստի  հասարակության ինտեգրմանը:

Սահմանադրագետն ասաց, որ պառլամենտական համակարգում նախագահի ինստիտուտի առավելությունն այն է, որ ձերբազատած լինելով քաղաքական պարտավորություններից՝ նա նպաստում է, որ հիմնական հարցերի վերաբերյալ լինի կոնսենսուս:

Հիշեցնելով, որ ԱԺ-ն կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից, Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե առաջին փուլի արդյունքում ձևավորվում է մեծամասնություն, ուրեմն նրանց թիվը հենց այդքան էլ լինելու է, իսկ երկրորդ փուլի դեպքում հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ:

Նույն շարքից