Հայաստան Քաղաքական 

ԱԳ նախարարն ընդունել է Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

Ողջունելով հյուրերին՝  նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները նպաստում են հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինը նշեց, որ ուրախ է այցելել Հայաստան՝ գործընկերների հետ քննարկելու հարաբերությունների ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների ջանքերը։

Հանդիպան ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կորեական փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի շուրջ։ Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը: Նախարար Նալբանդյանը Կորեա-Հայաստան բարեկամության խմբին շնորհակալություն հայտնեց 2015թ.-ի ապրիլին Սեուլում Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման համար:

Կորեացի պատագամավորն անդրադարձավ իր երկրի մոտեցումներին Ասիական տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև՝ կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով գործադրվող ջանքերին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կորեական պատվիրակությանը պատմեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին։

Նույն շարքից