Հայաստան 

Բրյուսելում դատաիրավական ոլորտում ԵՄ-ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

 

Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը.  տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը:

ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները:

ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում բազմակողմանի քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը և այլ հարցեր։

Պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եվրոպական կողմի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել է վերջին շրջանում հասարակական-քաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպական գործընկերների բազմաթիվ հարցադրումներին։

Ամփոփելով արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի աշխատանքները՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկկողմանի համագործակցության համար, ընդգծել համատեղ նախագծերի և եվրոպական կառույցների տեխնիկական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է ապագա համատեղ գործողությունների հեռանկարները։

Նույն շարքից