Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 1-ին ստորգետնյա անցումում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թաիրով գյուղի Երեւանյան փողոցի տներից մեկի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C240» մակնիշի 34 ZR 965 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հարակից կառուցված քարե պատնեշին, ինչի հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 18-ամյա Լ. Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 17-ամյա Գ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: