Սյունիքի մարզպետի մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունը պարտավորվել է պարզել մեղադրյալների կապը միմյանց հետ: Գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք միջնորդել էին պարզել մեղադրյալների կողմից միմյանց ճանաչելու հանգամանքը, քանի որ ակնհայտ է, որ Աթաջանյանը չի ճանաչել գործով մյուս մեղադրյալներին՝ Արա Բուդաղյանին և Վիտալի Մինասյանին:
«Այդ մասով մենք միջնորդել էինք պարզել նրանց հեռախոսային խոսակցությունների կամ այլ շփումների առկայությունը, մեր միջնորդությունը բավարարվել է, քննչական մարմինը պարտավորվել է պարզել նրանց կապերը: Հատկանշական է, որ խմբի կազմում հանցագործություն կատարելու համար մեղադրելուց հետո է միայն փորձում պարզել՝ արդյոք նրանք ծանոթ եղել են»,-նկատեց փաստաբանը:
Վահան Հովհանիսյանը նշեց նաեւ, որ բավարարվել է նաեւ իրենց միջնորդությունը առերեսումներ անցկացնելու մասով, «սպասենք՝ տեսնենք՝ ում են գտնելու, որ առերեսեն»:
Դրանից բացի՝ երկուշաբթի օրը, ժամը 14.00-ին, Վերաքննիչ դատարանում, դատավոր Տեր-Ադամյանի նախագահությամբ կքննվի պաշտպանի բողոքը խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: