«Նախ և առաջ մենք և Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել, պահպանել Մինսկի խմբի շրջանակում ստանձնած հանձնառությունները, երկրորդ՝ երկու կողմերը պետք է պատրաստակամություն դրսևորեն գնալու փոխադարձ զիջումների և ընդգրկվելու երկխոսության մեջ, ձեռնպահ մնալ որևէ հռետորաբանությունից կամ գործողություննեերից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը»,-ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նա պատասխանում էր հարցին՝ «Փաստ է, որ Ադրբեջանում տեղի ունեցած Եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում, հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Խաղերից անմիջապես հետո ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսմանը, ավելին՝ խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները՝ մեղադրելով թե եվրոպական կառույցներին, թե առաձին երկրների, օրինակ Գերմանային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի, նմանատիպ այլ բաներում: Ձեր մեկնաբանությունները»:
Դոնալդ Տուսկի խոսքով, կասկած չունի, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք գոյություն չունի. «Եթե ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա այս շատ ռիսկային խաղում բոլոր կողմերը, դերակատարները, սուբյեկտները պարտավոր են խուսափել, ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, բառերից: Ինչպես գիտեք, բառերը, խոսքերը, հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ, ժամանակ առ ժամանակ դրամատիկ հետևանքներ: Ուստի, կարծում եմ, լռությունը երբեմն շատ ավելի լավ է, քան ձայները և հատկապես ագրեսիվ հռետորաբանությունը: Սա կոչ է հակամարտության բոլոր կողմերին ու բոլոր քաղաքական գործիչներին»:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի պատասխանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Պարոն Տուսկը հավասարության նշանը պահում է, որովհետև վաղը չէ մյուս օրը Բաքու է գնալու, վստահ եմ՝ պարոն Ալիևին անձնապես կասի, երբ որ դա չազդի, հետո հրապարակավ կանի»:
Դոնալդ Տուսկն էլ արձագանքեց. «Պատրաստ եմ օբյեկտիվ լինել և Երևանում, և Բաքվում»: