Հասարակություն 

Գևորգյան հոգևոր ճեմարանն այս տարի ավարտել է 26 սան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, հուլիսի 20-ին` տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015թթ. ուսումնական տարվա հանդիսավոր փակումը, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Միասնական Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո 2014-2015թթ. ուսումնական տարին ամփոփել է Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Իր խոսքում Գևորգ Սրբազանն անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ճեմարանի մշակութային և քարոզչական, սոցիալական, գիտա-մանակավարժական գործունեությանը, տարբեր հոգևոր հաստատությունների և Ճեմարանի, ինչպես նաև միջբուհական համագործակցությանը, գրահրատարակչական հետազոտություններին և «Սերմնացան» մատենաշարի արձանագրած հաջողություններին:

Ճեմարանի նկատմամբ հայրական հոգածություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին` նա ասել է. «Այս լույսի ներքո Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականության մեջ պետք է լինի նաև այն անմատույց ամրոցն ու լուսավոր փարոսը, որ անաղարտ կպահի հայագիտության դարավոր ավանդները և մշտավառ լուսավորչյան կանթեղը»:

Այնուհետև ասմունքով են հանդես եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի առանձին սաներ, իսկ երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի, կատարել է հոգևոր և ազգային երգեր:

Ցերեկույթը եզրափակվել է Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի խոսքով: Սրբազանը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը, գնահատանք է հայտնել ճեմարանի տեսչական և դասախոսական անձնակազմի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներին անցնող տարում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար: Սրբազանը խոսել է ճեմարանում ուսանած լուսեղեն կերպարների` հայ ժողովրդի նշանավոր մտավորականների մասին, և ճեմարանականներին հորդորել շարունակել նրանց ուղենշած ճանապարհը:

Դիմելով ճեմարանի 26 շրջանավարտ սարկավագներին` Տաթև արքեպիսկոպոսն անդրադարձել է նվիրյալ հոգևորականի կերպարին և մաղթել, որ իրենց առաքելության ընթացքում Աստծո կողմից տրված շնորհները ծառայասիրության ոգով առատորեն բաշխեն մարդկանց:

Հանդիսությունը փակվել է «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Նույն շարքից