Հայաստան Քաղաքական 

Ընդդիմությանը հիմա տվել են այն, ինչ պետք է տային 1995 թվականին, 20 տարի ուշացումով. Լ․ Ավավերդյան

Ազգային ժողովը քաղաքական մարմին է և այնտեղ քաղաքական է խմբակցությունը և ոչ թե մշտական հանձնաժողովը, հետևաբար ընդդիմադիր խմբակցությանը պետք է տրվեն առավելություններ և ոչ թե մշտական հանձնաժողովին:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը` արձագանքելով դիտարկմանը, թե Սահմանադրության նախագծով ԱԺ փոխնախագահի պաշտոնը վերապահվում է ընդդիմությանը, բացի այդ քննիչ հանձնաժողովներում ընդդիմությունը որոշ լիազորություններ ունենում է:

Նա դժգոհեց, որ ընդդիմությանը այդքան քիչ լիազորություններ են տրվում և բերեց Ռուսաստանի Դումայի օրինակը. «Փոխնախագահի պաշտոնն ի՞նչ է որ, Ռուսաստանում բոլոր ընդդիմադիր ուժերը ունեն Դումայի ղեկավարի տեղակալներ: Կներեք էլի, էդ ի՞նչ մի նվեր է: Ընդդիմությանը հիմա տվել են այն, ինչ պետք է տային 1995 թվականին, 20 տարի ուշացումով»:

Ալավերդյանի խոսքով, Սահմանադրության նախագծով ընդդիմությանը որոշ լիազորություններ տալը ուղղակի «ասելու համար է, քան ընդդիմության արդյունավետությունը բարձրացնելու»:

Լրագրողները խնդրեցին նախագծից որևէ դրական կետ հիշատակել, եթե կա, ինչին Ալավերդյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների գլուխը մեծացել է»:

Նա վստահ է, որ ներկայացված նախագիծը հայաստանյան քաղաքական մշակույթին չի համապատասխանում և ավելին, չի նպաստում, որ փոխվի քաղաքական մշակույթը:

Սահմանադրության նախագիծը ներկայացնելը, ըստ Ալավերդյանի, վերարտադրվելու համար չի արվել, այլ հասարակության ուշադրությունը ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար:

«Օրինակ կարող են լինել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են տնտեսական հանցագործությունները, կառավարման արդյունավետությունը: Այս հարցերը ներկայացվող սահմանադրությամբ չեն լուծում», -հավելեց Ալավերդյանը:

Նույն շարքից