Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երևանում ԵԽ գրասենյակի հետևողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարևորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է:
Նատալյան Վուտովան կարևորել է Երևանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ և նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Նա նշել է, որ գրասենյակը հետևում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը և դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Տիկին Վուտովան տեղեկացրել է, որ այժմ ԵԽ գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում:
Գալուստ Սահակյանը Նատալյա Վուտովային մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելության իրականացման ընթացքում: