Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում, ընդունել է 84 քաղաքացու. տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
Քաղաքացիների դիմումները և հարցումները հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին:
Չի պակասում ընդունելության հրավիրված այն քաղաքացիների հոսքը, ովքեր, շփոթելով դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները, դատական ակտի հետ չհամաձայնելով, իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով իրենց աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցերով։
Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ:
Քաղաքացիների հարցերը վերաբերել են նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ:
Ընդունելության հրավիրված քաղաքացիները Արդարադատության նախարարություն են դիմել նաև ֆինանսական օգնության կամ աշխատանքով ապահովելու հարցերով: