Հայաստան գլխավոր 

Գռզոն արդեն գիտի կուշտ ու անվնաս լինել. shame.am

Կյանքը խիստ փոփոխական է: Երբեք չես կարող կռահել, թե վաղը որտեղ կհայտնվես: Այս ճշմարտությունը բոլորից լավ է հասկացել Գռզոն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով վերջին շրջանում առավել հաճախ է հայտնվում իշխանական վերնախավի շրջապատում և ասում են, նույնիսկ կառավարության անդամների հետ արտասահմանյան այցերի է մեկնում:

Հիմա էլ նրա կերպարը առկայծեց Նոր Հաճնում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողության վայրում, այն նույն Ծառուկյանի, որ դեմ ժամանակին ծավալված «Ոչ դոդիզմին» շարժումը ֆինանսավորվում էր անձամբ Գռզոյի կողմից: Սակայն այսօր նա արարողությանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի անձնական հրավերով և դա շատ կարևոր բաների մասին է հուշում:

Ի դեպ, հենց այդ վայրում էլ լրագրողները նախկին ընդդիմադիր գործարարից հետաքրքրվեցին նրան վերագրվող պաշտոնների առաջարկների մասին, ինչին նա արձագանքեց, թե իրեն, իսկապես, պաշտոն առաջարկվել է, որը մերժել է: «Իսկ եթե նորից առաջարկեն» հարցին էլ պատասխանեց՝ նորից կմերժեմ:

Մեկ ուրիշը պիտի կարծի, թե Խաչատուր Սուքիասյանը կամ ձևեր է թափում, կամ խելքը թռցրել է: Սակայն Գռզոն այս պարագայում շատերից խելացի է: Վերջին 20 տարիների ընթացքում նա կարողացել է հասկանալ ամենակարևոր բանը՝ իշխանությունն անցողիկ է, քաղաքականությունը վտանգավոր է և միայն բիզնեսն է մնայուն: Ոչ Լևոն Տեր- Պետրոսյանը նրան կարողացավ տալ ապահովության երաշխիքներ, ոչ էլ նրան հաջորդած իշխանավորները: Իր քաղաքական կողմնորոշումների համար պատժվեց ու մեծ կորուստներ ունեցավ: Եվ հիմա վերջապես գտել է ոսկե միջինը. լինել անսկզբունքային, անկարծիք, անտեսակետ, պտտվել գործող իշխանությունների շուրջբոլորը, սակայն երբեք չափից ավելի չմոտենալ, որպեսզի միշտ նահանջի և ուրացման տեղ մնա: Միայն այդ դեպքում Գռզոն կարող է հուսալ ապահով ու երջանիկ ծերություն իր և իր ժառանգների համար:

Նույն շարքից