Հայաստան Քաղաքական 

Կառավարությանը դեմ է Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը

Այսօր կառավարության հերթական նիստին արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը գործադիրին ներկայացրեց  է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է կուսակցության կանոնադրության խմբագրական և տեխնիկական բնույթի փոփոխությունների ու լրացումների կատարման իրավունքը կուսակցության համագումարից փոխանցել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաև անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից և առաջանում է անհարմարություն ոչ բովանդակային փոփոխությունները և լրացումները հաստա¬տե¬լու համար անընդհատ համագումար հրավիրելու:

Կառավարության եզրակացության մեջ նշվում է, թե պարզ չէ, թե ինչ բնույթի փոփոխություններն ու լրացումները կարող են համարվել խմբագրական և տեխնիկական: Այդ առումով նախագիծը հնարավորություն է տալիս մշտական գործող ղեկավար մարմնին ինքնուրույն ձեռնարկել ու գնահատել կատարվող փոփոխությունների և լրացումների բնույթը, որի դեպքում չեն բացառվում սուբյեկտիվ դրսևորումներ, քանի որ հաճախ խմբագրական բնույթի փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ կուսակցության գործունեության համար:

Փոխնախարարն ասաց,որ բացի այդ, հիմնավորված չէ այն մոտեցումը, համաձայն որի՝ փոփոխվող օրենքների պահանջներից բխող փոփոխությունները կարող են լինել զուտ տեխնիկական բնույթի, քանի որ օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններ:

Այսպիսով՝ կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ և դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Նույն շարքից