Հայաստան Քաղաքական 

Նախարարի ներկայացրած մեթոդաբանությունը կմեղմացնի մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակները

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մեթոդաբանության առկայությունը կնպաստի մարզերում ներդրումների ներգրավմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

Հիմնավորման համաձայն՝ տնտեսության զարգացման ներկա փուլում տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն խնդիր է համարվում ՀՀ մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների մեղմացումը, որի լուծման հիմնական ուղղություններից մեկը տարածքային միավորների (մարզերի և համայնքների) տնտեսական զարգացման ներուժի արդյունավետ օգտագործումն է:

Այս մեթոդաբանության հիմնական նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան նրանց տնտեսական զարգացման մակարդակը և երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական ու դրանք իրականացնել այն մարզերում, որոնց տնտեսական զարգացման ներուժի վարկանիշն ավելի բարձր է, քան տնտեսական զարգացման մակարդակը:

«Առկա է համապատասխան գործիքակազմ, որի միջոցով հնարավոր է ոչ միայն գնահատել աղքատությունը, այլ նաև վեր հանել այն խնդիրները, որոնցով պայմանավորված տվյալ համայնքը հանդիսանում է աղքատ: Նշվածը հնարավորություն է տալիս իրականացնելու աղքատության մակարդակը կրճատող նպատակային ծրագրեր»,- ասված է հիմնավորման մեջ:

Նույն շարքից