Այսօր կառավարության հերթական նիստին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում, առաջին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ երկու միլիոն դրամի չափով, երկրորդ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով:
Նախարարն ասաց, որ առաջարկվող միանվագ ապահովագրական գումարների կիրառման պարագայում, միջինացված հաշվարկային տարեկան անհրաժեշտ գումարը կարող է կազմել` 1-ին խմբի զինհաշմանդամների համար` 3.000.000 դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 2.730.000 դրամի փոխարեն: 2-րդ խմբի զինհաշմանդամների համար` 9,600.000 դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 8.736.000 դրամի փոխարեն: 3-րդ խմբի զինհաշմանդամների համար` 35,400.000 դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 32.214.000 դրամի փոխարեն:
Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվող միանվագ ապահովագրական գումարներն առաջարկվող չափերով վճարելու դեպքում կպահանջվի տարեկան` 48.000.000 դրամ` ներկայումս սահմանված չափերով վճարելու համար անհրաժեշտ 43.680.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ կպահանջվի 4.320.000 դրամ:
Ելնելով վերը նշված հաշվարկների արդյունքներից, առաջարկվող փոփոխությունների դեպքում տարեկան կպահանջվի 94.000.000 ՀՀ դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 64.610.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ ընդհանուր պահանջվող գումարը կկազմի ընդամենը 29.390.000 դրամ: