Սահմանադրական բարեփոխումների քննարկումը մերժող ուժն այսօր արդեն քննարկում է Սահմանադրության նոր նախագիծը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն Սահմանադրական բարեփոխումներին։ Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջընթաց են ապրել։ Այսօրվա նրանց հայտարարությունը, վերլուծություններ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկման մեջ»,- ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերվում է այսօր կայացած ԳՄ նիստին, իշխող կուսակցությունը քննարկել է Եվրոպական խորհրդի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները համանախագահների հետ։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն առաջին քաղաքական ուժն է, որն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծին, ներկայացրել նախագծում առկա լրջագույն վտանգները Հայաստանի համար։