Ամերիկայի հայկական առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով ընդունելի լուծումներ գտնել Սիրիայում, Լիբանանում եւ Հայաստանում բնակվող խոցելի սիրիահայ ընտանիքներին ամերիկյան եւ միջազգային օգնությունը մատակարարելու հարցում: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամներն ընդգծել են հայերի անհետաձգելի մարդասիրական պահանջմունքների հարցը, որոնք օգնության մատակարարման գործող մոդելների խնդիրների պատճառով երբեմն չեն ստանում այն:
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է, որպեսզի ամերիկյան գործիչներն ապահովեն վտանգի մեջ գտնվող Հալեպի եւ Սիրիայի այլ վայրերի հայերին օգնության մատակարարումը, մարդասիրական օգնություն ցուցաբերեն նաեւ Լիբանանի հայ փախստականներին բնակավայր եւ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:
Պետքարտուղարության ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստել են, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի հայ համայնքի պաշտպանությանը, ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել օգնել Ամերիկայի հայ համայնքին՝ Սիրիայում, Հայաստանում եւ Լիբանանում բնակվող սիրիահայերին օգնություն տրամադրելիս ցանկացած խնդրի լուծման հարցում: