Հասարակություն 

Բելգիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Ընդդիմությունը քննադատել է, թե անհրաժեշտ էր ավելի միանշանակ փաստաթուղթ, բայց, հաշվի առնելով, որ վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, կողմ է քվեարկել։

Ներկայացուցիչների պալատը վերջին օրերին բուռն քննարկումներ է արել բանաձեւի վերաբերյալ,  պատգամավորները նշել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Լսումների ընթացքում նաեւ քննադատություն էր հնչել Բելգիայի ԱԳՆ-ի հասցեին, քանի որ այն ներկայացուցիչներ չէր ուղարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Ներկայացուցիչ պալատում կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել է Օսմանյան կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանությունը»,- ասել էր Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը 1998 թվականին արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համապատասխան բանաձեւ ընդունելով:

Նույն շարքից