Քաղաքական Իրավական 

ՀՀ կառավարությունը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ անելու առաջարկը

ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստին մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ կառավարություն ներկայացրած «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական, ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից։

Կառավարության տված բացասական կարծիքը նախարարը հիմնավորեց հետևյալ կերպ. «Միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է. դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Սա շատ կարևոր է այն պատճառով, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը»,-ասաց նա:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները նախագծում նշել են, որ հենց շրջանառության հարկի պատճառով վերջին տարիներին փակվել են մի շարք ընկերություններ, ինչը, ըստ նրա, չի բխում այս օրենքից:

Նույն շարքից