Քաղաքական Իրավական 

ՄԻՊ-ը՝ ՊԵԿ-ի՝ պետական գաղտնիք համարվող ՓՄՁ-ների ցուցակի մասին

2013թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ձեռնարկատիրական իրավունքի խոչընդոտման ուսումնասիրությունները։ Նա նշեց, որ ՄԻՊ պաշտպանը հետևողականորեն՝ արդեն երկրորդ տարին է՝ անդրադառնում է համակարգային խնդիրներից մեկին՝ ձեռնարկատիրական իրավունքի խաթարմանը կամ խոչընդոտմանը և հիշեցրեց, որ 2012- 2013 թթ պաշտոնապես փակվել են 3 000-ից ավել մանրածախ օբյեկտներ՝ խանութ, կրպակ, շուկաներ։ Իսկ ընթացիկ տարում փակվել են 1600-ը:

«Դուք գիտե՞ք այս գործընթացի բուն էությունը: Մոտ 15 000-ից ավել աշխատողներ են աշխատանքից զրկվում: Արդյոք դիմել են Ձեզ, թե՞ ոչ և քննարկե՞լ եք արդյոք այս հարցը: Վարչապետի եռամյա ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ զոռբայությունը այսուհետ բացառվելու է, սակայն խոսքը ոչ թե տարածքները խլելու մասին է, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ շուկաները փակում են, անիմաստ է զբաղվել ձեռնարկատիրությամբ»,- ասաց նա։

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ՄԻՊ զեկույցում առանձին բաժիններ են դրան հատկացրել, նաև անդրադարձել է ՊԵԿ գործունեության և ՏՄՊՊՀ գործունեությանը վերաբերող գլուխներում:

«Մենք ոչ միայն դիմումներին ենք հետևում, այլև ընդհանուր ուսումնասիրություններ ենք կատարում, մեզ անգամ մեղադրում են, որ տրադիցիոն շրջանակներից դուրս ենք գալիս, մենք դրան համաձայն չենք, անում ենք Սահմանադրությամբ մեզ վերապահվածը»,-ասաց նա և նշեց, որ եթե 3 տարի առաջ իրենց դիմում էր տարեկան մոտ մեկ ընկերություն, այժմ դրանց թիվը տասնյակներ են: Բացի այդ, ըստ նրա, իրենք սեփական նախաձեռնությամբ էլ են ուսումնասիրություններ անում։

ՄԻՊ-ը մեջբերեց մի «փոքրիկ էպիզոդ». լոլիկի ներկրման և արտադրության շուկայում խնդիրներին հետևելով դիմել են ՊԵԿ-ին՝ ցուցակ պահանջելով, պատասխան են ստացել, թե առևտրային գաղտնիք է:

«Սա մեզ համար տարօրինակ է, որովհետև ինձ հասու է պետական գաղտնիքի նույնիսկ ամենագաղտնիացված տեղեկատվությունը, սա ուղղակի ավանդույթների պակաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են և կներկայացնեն խոչընդոտներն ու հակամրցակցային խնդիրները՝ ըստ շուկաների։

Նույն շարքից