Կանանց և անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում պայմաններն ավանդաբար ավելի լավ են եղել, քան մնացած քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին Աբովյան քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Ես կարծում եմ, որ դա նորմալ է, սակայն գտնում եմ, որ չի կարելի կանգ առնել եղածի վրա»:
Նախարարը հիշեցրեց, որ կառավարության արդեն հաստատված ծրագրում հատուկ դրույթ կա քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի բարելավման, դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավման մասին: «Կարևորագույն մի դրույթ կա պրոբացիոն ծառայության ստեղծման մասին: Դա կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է, որը մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում ներդնել Հայաստանում»,- նշեց նա:
Մանուկյանը շեշտեց, որ պրոբացիոն ծառայությունը քրեակատարողական համակարգի այն մի հատվածն է լինելու, որը զբաղվելու է ազատազրկման հետ չկապված պատիժ կրող դատապարտյալների խնդիրներով: «Ես կարծում եմ, որ պրոբացիոն ծառայության հիմնադրմանը զուգահեռ, մենք դատապարտյալների վիճակի բարելավում կունենանք: Մասնավորապես, մենք դրանով կհասնենք քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը, մենք կկարողանանք պետական գումարներ խնայել, որոնք հատկացվում են այս համակարգին և այդ գումարը կարող ենք ուղղել համակարգի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ սա կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է և ամեն ինչ արվելու է այն կյանքի կոչելու համար:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը մասնակցեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հիմնարկում կազմակերպված միջոցառմանը, ինչպես նաև վերջին զանգի փոքրիկ արարողությանը, որը կազմակերպվել էր այն դատապարտյալների համար, ովքեր ավարտում են դպրոցը: