Առողջապահություն Հասարակություն 

Ի՞նչ է ճարպակալումը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Մասնագետները փաստում են, որ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով: 1-ից 5 տոկոսի դեպքում ավելորդ քաշի պատճառը հորմոնալ խախտումներն են, մնացած 95 տոկոսի դեպքում` սխալ սննդակարգը:

Այժմ ճարպակալման հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառով մահացության դեպքեր ավելի շատ են, քան  սովի: Ամեն տարի մոլորակում մահանում է ճարպակալում ունեցող 2.8 միլիոն մարդ: Աշխարհում ճարպակալման խնդիր ունեցող երկրների ցուցակը գլխավորում է  Մեքսիկան, որտեղ հիվանդների թիվը կազմում է բնակչության 32.8%-ը, երկրորդ տեղում է ԱՄՆ-ն /31.8% /, երրորդում՝ Սիրիան /31.6 %/, չորրորդում՝ Վենեսուելան և Լիվիան /30.8 %/, հինգերորդում՝ Տրինիդադ և Տոբակոն /30 %/:

Ինչ է ճարպակալումը, որն է ճարպակալման դեմ պայքարի  ամենատարածված մեթոդը, ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել ճարպակալումը, ինչպես պետք է սնվել այս խնդրից խուսափելու համար:

Ճարպակալումը նորմալ քաշից ավել քաշ ունենալն է: Որոշակի սահմանից վեր քաշն արդեն ճարպակալումն է: Պետք է նշել, որ այս հիվանդությունն ունի նաև գենետիկ բնույթ, բայց դա չի նշանակում, որ մարդը գենետիկորեն ստացել է ճարպակալման տրամադրվածությունը  ուրեմն պարտադիր պետք է ճարպակալում ունենա: Նա կարող է լինել լիովին նորմալ, եթե պահպանի առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի և ճիշտ ֆիզիկական ակտիվության ռեժիմը: Ճարպակալման առաջացման պատճառներից մեկը նաև սննդային ռեժիմի խախտումն է:

Յուրաքանչյուրին պետք է մոտենալ յուրովի, որովհետև ճարպակալումը նաև հոգեբանական խնդիր է: Շատ կարևոր է պարզել, թե հիվանդն ինչ հորմոնային խնդիր ունի, նշանակել դեղորայքային բուժում անհրաժեշտության դեպքում: Բայց այս ամենից զատ ամենակարևորը՝ տեղեկացնել հիվանդին առողջ սննդակարգի տարրական կանոններին հետևելը և դրան զուգակցել ֆիզիկական ակտիվությունը: Բայց սա էլ շատ անհատական է, քանի որ լինում են ծանր դեպքեր, երբ գալիս են մարդիկ, որոնց դեռ պետք չէ  ֆիզիկական ակտիվություն, նրանք պետք է շատ դանդաղ կարգավորեն սննդի ընդունումը և հետո ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Անհրաժեշտ է բոլոր դեպքերում դիմել մասնագետի, իսկ մինչ այդ ցանկալի է հետևել առողջ ապրելակերպի նորմերին:

Նույն շարքից