Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամների նստացույցի վերաբերյալ ասաց, որ բացակայում են իրազեկումները և լիազոր մարմնից ի գիտություն ներկայացված չէ։
Չնայած դրան քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ շարունակելու են ակցիան, մինչև որ ոստիկանությունը ստիպված չլինի թողնել իրենց անցնել հրապարակի կենտրոն։ Նա նկատեց, որ հրապարակի կենտրոնը բազմաթիվ ակցիաների ժամանակ օգտագործվում է և որևէ դրույթ չի կարող ոստիկանությունը առաջ բերել, ըստ որի՝ իրենց գործողությունների մեջ կա օրենքի խախտում։
«Իմ կարծիքով ոստիկանությունը գտնվում է քաղաքական ազդեցության տակ և չի կատարում օրենքով նախատեսված իր գործառույթները։ Մենք պահելու ենք լարվածությունը այնքան ժամանակ, մինչև որ ոստիկանությունը ստիպված չլինի մեր պահանջներին ենթարկվել, մինչև ոստիկանությանը կառավարող քաղաքական ուժերը չհասկանան, որ այս իրավիճակը հետագայում ավելի մեծ խնդիր է ստեղծելու իրենց համար, քան որ համաձայնվեն, որ նստացույցը իրականացվի հրապարակի կենտրոնում»,- ասաց նա և նշեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում, իրենք շարունակելու են ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն։
«Ոստիկանությունը նստացույցն արգելեց, կդիմենք քաղաքացիական անհնազանդության»,- ասաց նա: