Հասարակություն 

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ նախարարության միավորված կոլեգիայի նիստը

Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Երևանից ժամանել է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:


Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, ինչպես և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր: Օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին:

Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևն անդրադարձել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների ավանդական համագործակցությանը, վերջին տարիներին բոլոր ուղղություններով արդյունավետ զարգացող գործընկերային հարաբերություններին, ինչպես և օրակարգի խնդիրներին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկումների արդյունքներով բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:

Նույն շարքից