Հայաստան Քաղաքական 

Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց Համաշխարհային բանկի ընթացակարգին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները որոշում են կայացրել, որ հաղորդման ներկայացումը իրենց կողմից պետք է անցնի դռնփակ:

«Սա է իրենց առաջարկած ընթացակարգը: Պարզապես լրատվության ներկայացուցիչների խնդիրն է այստեղ, բայց պատգամավորները կարող են հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել, թե ինչ է քննարկվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել «Նաիրիտ»-ում, իսկ Համաշխարհային բանկն ամփոփել է այդ ուսումնասիրությունը, որն էլ այսօր հաղորդման տեսքով ներկայացվում է Ազգային Ժողովում:

Սակայն Համաշխարհային բանկը սեփական նախապայմաններն է թելադրում, թե ինչպես այդ հաղորդումը պետք է տեղի ունենա, ինչն էլ հարուցեց պատգամավորների դժգոհությունը:

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ ուսումնասիրությունում կան կետեր, որոնք անհասկանալի են և հարց ու պատասխանի միջոցով ոչ միայն պետք է դրանց ծանոթանալ, այլ նաև հանրայնացնել: Օրինակ, ըստ նրա, փաստաթղթում նշված է, որ «Նաիրիտ»-ն ունի 7.6 մլրդ դրամի պարտք, որը ֆինանսական հաշվետվություններով չի բացահայտվել. «Սա ներկայացման կարիք ունի»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքը հարց ունի ՀԲ ներկայացուցիչներին և չի հասկանում, թե ինչու լրագրողները պետք է ներկա չգտնվեն այդ քննարկմանը. «Իմաստն ինչումն է, եթե հետո պետք է պատմենք»:

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն էլ զարմացավ` ինչո՞ւ ենք հավաքվել, եթե պետք է դռնփակ լինի: Վարդան Այվազյանը ևս մեկ անգամ կրկնեց` խորհրդարանական լսումներ կլինեն աշնանը, այնպես որ որևէ մեկը չի փորձում «սղացնել» այս հարցը: Իսկ հիմա Համաշխարհային բանկը նման ընթացակարգ է սահմանել, չի ցանկանում լրագրողները ներկա գտնվեն քննարկմանը:

Հարցը դրվեց քվեարկության` կողմ են նման ընթացակարգին, թե ոչ: Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց և արդյունքում որոշվեց, որ այսօր Համաշխարհային բանկի ներկայացումը չեն լսի:

Նույն շարքից