Թեև հանրության ուշադրությունը սևեռված է Սյունիքի մարզպետի մեքենային կրակելու գործի վրա, սակայն 2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Անհասկանալի պատճառներով գործի քննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը»,-ասաց նա, նշելով, թե, հավանաբար, այդպես են արել, քանի որ այդ ընթացքում մամուլն ավելի պասիվ է, հասարակությունն էլ այդ ընթացքում զբաղված է իր հանգիստը կազմակերպելով:
«Պատրաստվում են այդ օրերին հերթական անարդար որոշումը կայացնել և հնարավորինս անարձագանք մնալ»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է մարզպետի մեքենայի վրա կրակելուն, Հայկ Ալումյանն ասաց, որ առանց որևէ հիմքի կալանավորել են Արա Բուդաղյանին:
Լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքը կազմակերպվել է հանրության ուշադրությունը նախկին գործից շեղելու համար, Բուդաղյանների փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այդպիսի բարդ սցենար կհորինեին այդ գործից շեղվելու համար, սա իրենց ընտանիքի առօրյան է: Պարզապես այստեղ մեծ է լրատվամիջոցների դերը և չկարողացան այս դեպքը կոծկել»։