ՀՀ ոստիկանությունը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի իր 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել առավել թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն-հասարակություն կապը և համագործակցությունը:
Որոշման նախագծում մասնավորապես նշված է, որ արդեն իսկ հանրապետությունում ներդրված համայնքային ոստիկանության գործունեությունը պետք է ընդլայնվի՝ համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծում, դրանք համապատասխան գույքով և տրանսպորտային միջոցներով ապահովում, համայնքներում համայնքային խորհուրդների ստեղծում:
Ծրագրում նշված է, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև հասարակության կողմից ոստիկանության հանդեպ ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ ծրագրի կարևոր խնդիրներից է հասնել ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության:
Ծրագրով կարևորվում է հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված, ինչպես նաև ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովող միջոցառումները:
2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով ոստիկանությունը պատրաստվում է պայքարել նաև կոռուպցիայի դեմ: