ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան։ Նրա խոսքով, վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75 տոկոս է, իսկ նոր կառավարության ձևավորման հնարավորությունը 25 տոկոս:
«Այս լարված իրավիճակը ձեռնտու է իշխող կառավարությանը: Էրդողանը պատրաստ է գնալ վաղաժամկետ ընտրությունների, քանի որ հույս ունի, որ այդ պարագայում ավելի շատ ձայներ կստանա և հնարավորություն կունենա կազմելու միատարր կառավարություն և ոչ թե կոալիցիա»,- ասաց արևելագետը:
Ըստ նրա` Թուրքիայի շուրջ լարվածությունը ներքաղաքական կյանքում կարող է բերել քաոսային վիճակի. «Թուրքիայի պատմությունից ելնելով կարող եմ ասել, որ նրանք հիմնականում հարցերը լուծում են ուժի միջոցով»: