ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց մինչև 2016 թ-ի հունվարի 1-ը կտրուկ սահմանափակել բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների։
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներ իրականացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, ինչն արդեն սահամանափակել է տեսչական մարմինների գործունեությունը։
«Այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ։ Այս որոշմամբ մենք կասեցնում ենք 170 ստուգաթերթերի մոտ 90%-ը մինչև տարեվերջ։ Թույլ ենք տալիս մնացած 10%-ի շրջանակներում ստուգումներ իրականացնել միայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ ավտոգազալցակայաններն և այլն»,-ասաց նա և ընդգծեց, որ մինչև տարեվերջ կրճատվում են ստուգումների 98%-ը։
«Ստուգումներ կատարելու սահմանափակումը չի տարածվելու միմիայն այն հիմնարկների ու բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որովհետև դրանք փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը։ Չի տարածվելու նաև այն դեպքերում, երբ ստուգումը կապված է Քրեական դատավարության օրենսգրքով կամ երբ ստուգման պահանջով դիմելու են տնտեսվարող սուբյեկտները։ Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաների օրական սննդի անվտանգ կազմակերպման համար»,-ասաց նա։
Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ կարգը կարող է խախտվել, երբ ինչ-որ տնտեսվարող սուբյեկտ սպառնալիք է հանդիսանում մարդկանց առողջությանը կամ կյանքին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առիթով ասաց, որ որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա։
«Հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետևել օրենքի տառին, սահմանված կարգավորումներին։ Մյուս կողմից հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքում գրավոր ձևով դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ։ Երաշխավորում եմ, որ հարցին ընթացք կտրվի վարչապետի վերահսկողության ծառայության կողմից»,-ասաց նա։
Վարչապետը նաև նշեց, որ կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրները, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները, ստուգումներ պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառությունների առկայության դեպքում ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա։
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին վերանայել ռիսկայնության չափանիշները՝ հետապնդելով ստուգումների քանակը նվազեցնելու նպատակ։ Հորդորում եմ հարկ վճարողներին լինել բարեխիղճ, պահպանել ֆինանսական կարգապահությունը, հարկերը վճարել ճիշտ ժամանակին, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները։ Այսօրվա տնտեսական այս իրավիճակով ու աշխարհում ընթացող խնդիրների ֆոնին, սա մի քայլ է, որով կաջակցենք տնտեսության ակտիվացմանը»,-ասաց նա։