ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկի դիմաց զենք վաճառելուն, նշեց, որ դրանով կպահպանվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինության բալանսը, ինչը միշտ փորձում է անել Հայաստանը:
«Մեր նպատակը միշտ եղել է բալանսը պահպանելը և դա պահպանվում է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ սա բիզնես ծրագիր է, որից հետո Ադրբեջանը կարող է գնել ավելի մեծ գումարի չափով զենք, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե Ադրբեջանը միշտ էլ կարող է գնել զենք ու ցանկացած շուկայում:
Հարցին, թե Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը կարո՞ղ է որևէ կերպ ազդել ԼՂ գործընթացի վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրում չլինեն գրասենյակներ, որոնք հետապնդում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների իրավունքների խնդիրներ:
«Դա հասցրել է նրան, որ Ադրբեջանը միջազգային հանրության համար ընդունվում է իբրև կայացած ավտորիտարիզմի երկիր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ քննադատությունների է ենթարկվում: Ներկայումս ԼՂ հակամարտությունն օգտագործում է ռեժիմը պահպանելու համար, որովհետև նրանք այլ բան չեն գտել, քան սրանով շեղել հանրությանը, միավորել իրենց շուրջ»,-ասաց նա: