Հասարակություն 

Միջատներից վախեցող կանայք ահազանգում են՝ այլմոլորակային է ներս մտել․ Հովհաննես Խանգելդյան

2015 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 5757 արտակարգ պատահար` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 5452–ի դիմաց, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը։

Ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում օձերի ակտիվությունը կշարունակվի: Նա խորհուրդ տվեց մարդկանց ուշադիր լինել, օձ նկատելու դեպքում անմիջապես ահազանգել 911 ծառայություն. «Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը պետք չէ փորձել որևէ առարկայով բռել օձին, քանի որ այդ դեպքում նա ավելի ագրեսիվ է դառնում, ավելի մեծ չափաբաժին թույն է ներարկում: Պետք է ուղղակի աղմուկ չհանել, չխոչընդոտել նրա ազատ տեղաշարժին»:

Պատասխանելով հարցին, թե սովորաբար 911 ծառայությունն էլ ի՞նչ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, Հ. Խանգելդյանն ասաց, որ շատ են լինում կանանց կողմից զանգեր՝ «լվացքի պարանին շորը խճճվել է, չեմ կարողանում վերցնել», կամ «միջատներից վախեցող կանայք ահազանգում են՝ այլմոլորակային է ներս մտել»:

«2015 թվականի առաջին կիսամյակում արտակարգ պատահարների հետևանքով մահացել է 276 մարդ (2014 թվականի վեց ամիսներին` 279 մարդ), տուժել` 4191 մարդ, ինչը 164 դեպքով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – ասաց Խանգելդյանը։

Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտակարգ պատահարների աճը հիմնականում պայմանավորված է եղել տեխնածին պատճառներով` 3340 դեպք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 3005–ի դիմաց։

Խանգելդյանն ավելացրեց, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 1461 ՃՏՊ, որի հետևանքով մահացել է 132 մարդ, ինչպես նաև` 1808 հրդեհն, 13 պայթյուն, 49 փլուզում։

Ինչ վերաբերվում է հրդեհներին, Խանգելդյանը նշեց, որ մինչև հուլիսի 30-ը ներառյալ արձանագրվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի 2348 դեպք (միայն հուլիս ամսին` 1393)։ Նա Հայաստանի բնակիչներին հորդորեց ավելի զգույշ և զգոն լինել և խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից։

Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ հուլիսի 28-ի դրությամբ ստացվել է 391 ահազանգ` օձերի առկայության մասին, 191 դեպքում սողունները հայտնաբերվել են։

Նույն շարքից