Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը բիբլիական Արարատ լեռան մասին ռեպորտաժ է պատրաստել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի կայքը, «Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը» վերնագրով ռեպորտաժում նշվում է, որ հայերը երկրպագում են հինավուրց հրաբուխին, որն աշխարհում հետաքրքրություն է վայելում:
«France 2»-ի թիմն այցելել է այն տարածքը, որտեղ, ըստ լեգենդի, հանգրվանել է Նոյյան տապանը: Աղբյուրը նշում է, որ հարյուրավոր արշավորդներ, այդ թվում հայեր, ամեն ամառ փորձում են բարձրանալ այս լեռը:
«Արարատ լեռը մեր կյանքի մի մասն է: Այն մեզ համար ոչ միայն լեռ է, այլ՝ ավելին»,- ասել է հայ արշավորդ Վարդան Կյուրումյանը:
Հեռուստաալիքն ընդգծում է լեռան նկատմամբ հայերի պաշտամունքը և նշում, որ Հայաստանում Արարատ անունն ամեն տեղ է. գործարանի տանիքին, հյուրանոցների վերնաճակատներին և նույնիսկ ծխախոտի տուփին:
Ռեպորտաժի հեղինակը հավելում է, որ լեռան և այն երկրպագողների միջև երկկողմանի փակ սահման կա: Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, և Արարատին հասնելու համար հայերն ստիպված են անցնել Վրաստանի տարածքով: Ռեպորտաժում հնչում է նաև հայկական երաժշտություն: