Հայաստան 

Ո՞վ է տեսել, որ Երևանի գլխավոր մայրուղին երկու շաբաթով փակվի․ Ա․ Սադոյան

Հանրային խորհուրդն այսօր նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվեց նաև հոսանքի սակագնի հարցով նախատեսված աուդիտի անցկացման հարցը:  ՀԽ անդամ Արշակ Սադոյանը նկատեց, թե այն ինչ կատարվում է ՀՀ էներգետիկ համակարգում բացարձակ անթույլատրելի է և պետք է լուծում գտնել ոլորտը կարգի բերելու համար:

Նա տեսակետ հայտնեց, թե խնդիրն աուդիտն է, և պետք է հասկանալ, թե ինչ ուղղվածություն պետք է ունենա այդ աուդիտ կոչվածը, ինչպես պետք է կազմավորվի: «Եվ ընդհանրապես աուդիտ պետք է անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլ ՀԾԿՀ-ում: Իսկապես համբերության բաժակը լցվել է, ո՞վ է տեսել, որ Երևանի գլխավոր մայրուղին երկու շաբաթով փակվի: Փառք Աստծո, ես շնորհակալություն եմ հայտնում Վովա Գասպարյանին, մեր ոստիկանությանը, որ բացի առաջին օրը, այդ հիմարությունները, որ թույլ տվեցին, մնացած օրերին շատ հաշվենկատ են եղել և ոչ մի լուրջ հետևանքներ չի եղել»,- ասաց նա:

Սադոյանը նկատեց, թե իհարկե նման բռնկումը պատճառ ուներ, և դա աուդիտն է: «Եթե հանկարծ այս աուդիտի հարցում դաղալություններ, խաբեություններ լինեն, ինչքան էլ  ոստիկանությունը մեղմ լինի, սեպտեմբեր-հոկտեմբերին սպասվում է գերպայթյունավտանգ իրավիճակ և բնական է, պետք է այս հարցին ուշադրություն դարձնել»,- ասաց նա:

Նույն շարքից