Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–հունիսին կազմել է 491,2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,9 տոկոսով, նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կայքում։
Միաժամանակ Ռուսաստանի հետ արտաքին ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմում է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը։
2015թ.–ի հունվար–հունիսին Հայաստանից Ռուսաստանի իրականացված արտահանումը կազմել է մոտ 70,8 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 133,7 մլն դոլարի համեմատ, իսկ ներկրումը կազմել է 420,3 մլն դոլար (15,1 տոկոսի անկում)։
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 582,8 մլն դոլար (մասնաբաժինը` 26,7 տոկոս, 22,5 տոկոսի անկում)։ Միաժամանակ ԵՄ երկրների հետ 2015 թ.–ի հունվար–հունիսին իրականացրած առևտուրը կազմել է մոտ 582,2 մլն դոլար (մասնաբաժինը` 26,6 տոկոս, 24,5 տոկոսի անկում), մյուս երկրների հետ` 1 020,9 մլն դոլար (մասնաբաժինը` 46,7 տոկոս, 16,9 տոկոսի անկում)։
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–հունիսին կազմել է մոտ 2 186 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,6 տոկոսով։
Արտահանման ծավալը 2015 հունվար–հունիսին կազմել է մոտ 694,4 մլն դոլար` նվազելով 1,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 1 491,7 մլն դոլար (27,2 տոկոսի անկում)։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 797,3 մլն դոլար։
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2015թ.–ի հուլիսի 21–ին ներկայացրել է 2015 թ.–ի հունվար–հունիսին ԵՏՄ երկրների միջև իրականացված փոխադարձ առևտրի նախնական տվյալները, և այդ կապակցությամբ ԱՎԾ–ն վերանայել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները։