ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը:
Նա նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի հարաբերությունները, հաճախակի են դարձել փոխայցերը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հավասարակշռված մոտեցումը մեր երկրին առնչվող տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ պատանիներն ու երիտասարդները մասնակցում են գերմանական կրթական ծրագրերին, կատարում փոխայցեր, և այս տարի նույնպես ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ընդունել երկու ուսանող Գերմանիայից:
ՀՀ ԱԺ նախագահը իր աջակցությունն է հայտնել դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի հարցում:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև տարիների ընթացքում ձևավորվել են բարեկամական, սերտ հարաբերություններ, հատկապես խորհրդարանական համագործակցության ոլորտում:
Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ինքն ունի մեծ փորձ և հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կձգտի սպառել այն ներուժը, որն առկա է երկու երկրների միջև:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Գերմանիան ուրախ կլիներ, եթե մեր երկիրը կարողանար բարելավել իր հարաբերությունները հարևան բոլոր երկրների հետ:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին: