Հասարակություն 

Երևանում ոգեկոչել են Եզդիների ցեղասպանության հիշատակը

Այսօր Երևանի Օղակաձև այգում՝ եզդիների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ, եզդիները հավաքվել էին՝ ի հիշատակ եզդիների դեմ իրականացվող ցեղասպանության անմեղ զոհերի։

«Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրաքի Շանգալ նահանգի եզդիների ցեղասպանության տարելիցին՝ ասաց, որ իրենք չեն մոռանում իրենց ցավը։

«Մեր ժողովուրդը հավաքվել է այստեղ, որպեսզի ասի, որ եզդի ժողովուրդը կա և կլինի։ Չնայած մեր ցավն ահավոր է, սակայն մենք կոչված ենք ապրելու և արարելու համար։ Օգոստոսի 3-ին Իրաքի Շանգալ նահանգում  «Իսլամական պետություն» կոչվող հրեշները հարձակվեցին մեր ժողովրդի վրա և անխնա կոտորեցին մեր ժողովրդին, հազարավոր եզդիներ կոտորվեցին, գերեվարվեցին և 21-րդ դարում իսլամիստ վայրագները հաստատեցին ստրկավաճառությունը»,- ասաց նա։
Չնայած դրան՝ Ամո Շարոյանը նշեց, որ  աշխարհը կանգնեց իրենց կողքին, ՄԱԿ-ը ճանաչեց եզդիների Ցեղասպանությունը  և Հայաստանի Հանրապետությունով մեկ ստեղծվեցին եզդիների խմբեր։

 

«Մեր Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանն էլ միջազգային տարբեր ատյաններում կոչ արեց դատապարտել եզդիների ցեղասպանությունը»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը և Արցախը պատրաստակամություն հայտնեցին ընդունել եզդի փախստականներին։

«Սակայն, բոլոր եզդիական կազմակերպությունները տրամադրված են, որպեսզի Շանգալի ժողովուրդը մնա Շանգալում, որովհետև եթե դուրս եկան և հողը մնաց առանց եզդիների, ուրեմն  դա եզդիների հողը չէ։ Շանգալը սովորական աշխարհաքաղաքական վայր չէ եզդիների համար, այն մեր բնօրրանն է, օջախն է, որտեղ մեր ժողովուրդը արարել է, ստեղծել է իր մշակույթը, սրբությունները»,- ասաց նա։
Ամո Շարոյանն իր խոսքն ավարտեց՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին պայքարել «Իսլամական պետություն» կոչվող «չարիքի» դեմ։ «Եթե այսօր չկանխեն դա, ապա չի բացառվում, որ նրանք ստիպված կլինեն իրենց տանը պայքարել այդ չարիքի դեմ»,-ասաց նա։

Նույն շարքից