Չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ-ներ) չճանաչված թռչող մարմիններ են: ՉԹՕ-ների՝ որպես այլմոլորակային սարքերի մասին պատկերացումը գալիս է վաղ անցյալից: Այդ են վկայում տարբեր երկրներում հայտնաբերված ժայռապատկերներում հանդիպող հուր արձակող, երկնքում թռչող տարօրինակ առարկաների պատկերները: Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ պատմել են, որ երկնքում տեսել են ինչ-որ տարօրինակ առարկաներ:
ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ ԱռնոլդըՎաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին։ Նույն 1947 թվականին էր, երբ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը, և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել, և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել, նվիրված ՉԹՕ-ներին։ Նման մի ուսումնասիրություն գրում է, որ Ռուսաստանի, նախկին Սովետական Միության երկրների և Չինաստանի իշխանությունները միասնական ջանքեր են գործադրել ՉԹՕ-ները հասկանալու համար։ Այս նույն հետազոտությունթ նաև նշում է, որ «մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել, և առնվազն չորս օդաչու մահացել են ՉԹՕ-ների հետևելիս»։ Լուրջ ուսումնասիրություններ նաև կատարվել են ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ հզոր երկրներում։
1969 թ-ից հետո ՉԹՕ-ների վերաբերյալ պաշտոնական արձանագրություններ չեն կատարվել, սակայն բազմաթիվ երկրներում մարդիկ շարունակում են տեսնել այդպիսի օբյեկտներ: Կատարվել են նաև գիտական հետազոտություններ. ստացված արդյունքների մասին հաղորդագրությունները հրապարակվել են մի քանի անգամ: Դրանցից ամենակարևորներից մեկը 1969 թ-ին հրապարակել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Գիտնականներին հաջողվել է տալ ՉԹՕ-ների հայտնաբերման բազմաթիվ դեպքերի միանգամայն բնական բացատրությունը, օրինակ՝ «թռչող ափսեների» շատ նման են արտասովոր ձևի ամպերը: Այլ դեպքերում պարզվել է, որ ՉԹՕ-ների են նման երկնաքարերը, հրթիռները, արհեստական արբանյակները կամ ամպերի բարձր շերտերից անդրադարձվող արտացոլանքները:
ՉԹՕ-ների հայտնաբերման ոչ բոլոր դեպքերն են բացատրելի, սակայն գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդ օբյեկտներն այլ աշխարհներից եկվորներ չեն, այլ բնության երևույթներ են կամ ստեղծված են մարդու ձեռքով: Այնուամենայնիվ, հսկայական թվով մարդիկ շարունակում են հավատալ ՉԹՕ-ների՝ այլմոլորակային տիեզերանավեր լինելու վարկածին, և այդ թեմաներով ստեղծվում են բազմաթիվ գրքեր, կինոֆիլմեր, կազմվում հեռուստատեսայինծրագրեր և այլն: