Այս տարվա նոյեմբերի վերջը իրատեսական ժամկետ է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Մենք ամբողջությամբ նախագիծը կուղարկենք Վենետիկի հանձնաժողովին, այսինքն՝ իրենց կարծիքը կընդգրկի ոչ միայն 1-7-րդ գլուխները և 10-րդ գլուխը՝ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ, այլ նաև Դատախազության վերաբերյալ գլուխը, տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխը, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ, ՀՌԱՀ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և 15-րդ գլուխը նվիրված է հանրաքվեին ու Սահմանադրության փոփոխությունների ընթացակարգին», – ասաց Պողոսյանը՝ շարունակելով․ – «Այս բոլոր գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մենք ակնկալում ենք, որ իր կարծիքը կարտահայտի, և վերջնական եզրակացությունը արդեն կլինի հոկտեմբեր ամսին, երբ Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը կլինի»:
«Այսինքն, գրեթե նույն ժամանակ արդեն խորհրդարանո՞ւմ կլինի փաստաթուղթը», – այս հարցին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքել է․-«Մեր մասնագիտական հանձնաժողովի խնդիրն է պատրաստել նախագիծը, ներկայացնել հանրապետության նախագահին, բնականաբար՝ հանրային քննարկումներ ծավալել նախագծի շուրջ, որևէ ժամանակացույց ես հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի, երբ կներկայացվի այդ նախագիծը Ազգային ժողով: Հրապարակման նպատակը առաջին հերթին հանրային քննարկումներն են և հանրային կարծիքը նախագծի վերաբերյալ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում