Կառավարության նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց 2014–ի և 2015-ի առաջին կիսամյակում կատարված փոփոխությունները, որոնք կատարվել են բիզնես ոլորտի բարելավման համար։
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը գործում է արդեն չորրորդ տարին։ Մինչ տեղեկանքին անցնելը մի երկու խոսք ֆինանսավորման մասին. ծրագիրը բազմադոնորային է, որտեղ օտարերկրյա դոնորները 100% գրանտային ֆինանսավորմամբ ստացել են երկու միլիոն եվրո, ՀՀ կառավարության ծախսը կազմել է մոտ 130 միլիոն դրամ, մոտ 2 մլն 200 հազ. եվրո ծախս է արվել ծրագրի համար չորս տարում»,-ասաց Արմեն Եղիազարյանը։
Նա ներկայացրեց վերջին երկու տարվա տվյալները. «Ընդհանուր առմամբ ծրագիրը 2544 ակտ ունի, որոնցից ուժը կորցրած է ճանաչվել ութը, հստակեցված՝ 112-ը, մնացած ակտերում, ըստ էության, չի եղել բիզնես գործընթացներ, 214 բիզնես գործընթաց ենք առանձնացրել Կառավարության որոշումներում, օրենքներում, դրանցից առաջարկել ենք կրճատել 33-ը, փոփոխել՝ 132-ը։ Ընդհանուր բիզնես գործընթացների տևողությունը եղել է 4648 ժամ, որից կրճատվել է 1972-ը, 619 փաստաթուղթ էր պահանջվում, առաջարկել ենք կրճատել 235 փաստաթուղթ»,-ասաց նա:
Արմեն Եղիազարյանի խոսքով կառավարությունը 2013 թվականին հաստատել է ծախսերի հաշվարկման մեթոդիկա, որի համաձայն բոլոր բիզնես գործընթացները պետք է արժենային 40 միլիարդ 185 միլիոն դրամ, սակայն Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկներն ընդունվելու դեպքում ծախսերը կկրճատվեն 19 միլիարդ 615 միլիոն դրամով կամ 48,8%-ով:
«2012-2013թթ-ին հիսուն իրավական ակտ է հաստատվել, որի արդյունքում բիզնես պրոցեսի ծախսերը 2 միլիարդ 658 միլիոն դրամից կրճատվել են 1 միլիարդ 635 միլիոն դրամով, այն ժամանակ փոխարժեքով մոտ չորս միլիոնի կրճատում է եղել, 2014-2015 թվականներին կառավարությունն ընդունել է 120 իրավական ակտ, արդյունքում բիզնես պրոցեսի ծախսերը 4 միլիարդ դրամից կրճատվել են 3 միլիարդ դրամով, այսինքն` այսօրվա վիճակով մոտ 10 միլիոն դոլարի ծրագիրը խնայողություն է տվել, ընդհանուր ծախսը 2,5 միլիոն դոլար է եղել, արդյունավետություն որոշակի կա»,- ասաց Արմեն Եղիազարյանը՝ ներկայացնելով փոփոխությունները: