Հուլիսի վերջին տասնօրյակի տվյալներով` Արարատի մարզպետարանը մեկ տարվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող Արարատի մարզի ՀՀ քաղաքացիներից ստացել է 601 դիմում, որոնք ցանկանում են հանել իրենց վրա ունեցած ՌԴ մուտքի արգելքը: Նախորդ տարվա օգոստոսից մինչ հունվարի մեկը դիմում է ներկայացրել 241, իսկ հունվարի 1-ից մինչ օգոստոս` 360 քաղաքացի: Դիմումները ստանում է մարզպետա րանը, այնուհետև ուղարկվում ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն, որից հետո` ՌԴ:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանն ասաց, որ 116 քաղաքացու տրվել է դրական պատասխան, 398 քաղաքացու հարցը դեռևս ընթացքի մեջ է: Մերժվածների թիվը 72 է, դատական կարգով մերժվել է ևս 15 քաղաքացի:
Ընթացք է տրվում այն մարդկանց դիմումներին, որոնք շեշտում են, օրինակ, ընտանիքի անջատված լինելու, ուսումը ՌԴ բուհերում կիսատ թողնելու, ՌԴ-ում բուժումը կամ ընտանիքի տարեց կամ հաշմանդամ անդամի խնամքի կազմակերպման փաստերը: Միրզոյանն ընդգծեց, որ այդ ամենն անհրաժեշտ է ամրագրել փաստերով: Դիմումին պետք է կցել հիմնավորող փաստաթղթեր. ուսանողական տոմս, ՌԴ-ում բուժման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ, ընտանիքի՝ ՌԴ քաղաքացի համարվող անդամի և նրա անձնագրի պատճենը: Եթե անձը ՌԴ-ի օրենսդրության համապատասխան գրանցված ձեռնարկությունների և կա զմակերպությունների հիմնադիր է կամ սեփականատեր, դիմումին պետք է կցել նաև ՌԴ ձեռնարկությունների ռեգիստրում և հարակային մարմիններում հաշվառման փաստաթղթերի պատճեները: Եթե անձն ունի ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն` հարկ է կցել նաև այդ փաստաթղթերը:
Միզոյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ քաղաքացին արդեն ունի դրական պատասխանը, գնում է և ետ ուղարկվում սահմանագլխից: Դրա պատճառն այն է, որ բազան է ուշ թարմացվում: Մերժում ստացած առաջին քաղաքացիների համար դեպի ՌԴ մուտքն ազատ կլինի 2016 թվականի հոկտեմբերից:
Բաժնի պետը, անդրադառնալով այն անձանց, ովքեր հայտնվել են այդ իրավիճակում, նշեց, որ նրանց հետ ունեցած զրույցներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ այդ իրավիճակում են հայտնվել օրենքի և ռուսաց լեզվի չիմացության, իրենց փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքի (այլ անձանց ձեռքում հայտնվելու), որոշ վճարումներ չնչին ժամկետով ուշացնելու պատճառով: «Բացի աշխատատեղ կորցնելու, գումար վաստակելու օրախնդիր հարցից, քիչ չեն նաև անհատները, ովքեր շտապում են ՌԴ-ում հայտնվել` այնտեղ ևս մեկ ընտանիք` կին և երեխաներ ունենալու պատճառով»,-նկատել է Միրզոյանը: