Հայաստան Քաղաքական 

Հայաստանում քսանհինգ տարի է Սահմանադրության կատարման խնդիր կա. Սուքիաս Ավետիսյան

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախնական նախագծին, ասաց, որ սահմանադրական բարեփոխումները երեք հիմնական խնդիր են լուծում:

«Առաջինը՝ մարդու իրավունքների իրական արտահայտությունն է Սահմանադրության նախագծի մեջ և իրականում, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատական է տվել: Երկրորդը՝ կառավարման համակարգի փոփոխության խնդիրն է, իսկ երրորդը՝ դատական իշխանության անկախության ավելի շատ բարձրացումը, ինչը մեր իրականության մեջ տեղիք է տվել տարբեր խոսակցությունների»,- ասաց նա:

Ըստ նրա՝ մեր հասարակության մեջ ի սկզբանե, երբ ինչ-որ բան հրապարակվում է, առանց հիմնավորումների բացասական գնահատականներ է տրվում:

Ասուլիսին ներկա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ մեզ մոտ ոչ թե այնքան խնդիր կա, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, այլ, թե այն մեզ մոտ իրագործվո՞ւմ է, թե՞ ոչ :

«Մեզ մոտ խնդիրը տեքստը չէ, Հայաստանում քսանհինգ տարի է Սահմանադրության կատարման խնդիր կա»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարման բոլոր համակարգերը՝ կիսանախագահական, խորհրդարանական, նախագահական,  սպառել են իրենց:

«Բոլոր այդ երեք տեսակի կառավարման համակարգերը անարդյունավետ են»,-ասաց նա և նշեց, որ կատարվող փոփոխությունը մի անհաջող կառավարման համակարգից անցնում է երկրորդ համակարգ:

Ինչ վերաբերում է դատական իրավունքի անկախությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, նա ասաց, որ Հայաստանում համար մեկ խնդիրն այն է,  որ օրենքները, ենթաօրենսդրական ակտերը չեն կատարվում:

Նույն շարքից