Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը հույս է հայտնել, որ դեսպանի գործուն աջակցությամբ նոր խթան կտրվի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային շուրջ 10 կազմակերպությունների` ձևավորելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև ճապոնական քաղաքների ու մասնավորապես մայրաքաղաք Տոկիոյի հետ և այդ հարցում, պարոն դեսպան, ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու ճապոնական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին իր հերթին նկատել է, որ խոշոր քաղաքների առջև ծառացած խնդիրները հիմնականում միանման են, և ընդգծել է, որ այս հարցում անշուշտ կարևոր է քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:
«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցություն ձևավորելու և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է, վստահ եմ, որ այն առաջիկայում կստանա գործնական ընթացք»,- նշել է դեսպանը:
Առանձնակի կարևորելով նաև ներդրումային ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս մասով ևս առկա է փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ հավելելով, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Որպես քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության կարևոր ուղղություն՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև զբոսաշրջության զարգացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Երևանում ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում քաղաքն առավել հարմարավետ և սպասարկման ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ: