Սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
ՀՀ գերատեսչությունների եւ «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների եւ դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանվել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը, միասնական քաղաքականությանը եւ միասնական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակին վերաբերող խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է նաեւ համապետական նշանակության ստուգատեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, արծարծվել են միջոցառումն արդյունավետ եւ կազմակերպված իրականացնելու հարցեր, տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: