Հայաստանի Հանրապետությունում սպառումը միշտ չէ, որ համընկել է տնտեսական արդյունքի հետ, այսինքն՝ պարբերաբար սպառվել է ավելին, քան արտադրվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Դա նրա արդյունք է, որ մենք ունենք արտագնա աշխատուժ, դրա միջոցով ՀՀ եկող դրամական մջոցներ, որոնք իրենց հերթին ավելացրել են պահանջարկը և այդ ավելացված պահանջարկի հետևանքով եղել է առևտրում և ծառայությունների ոլորտում որոշակի աշխուժություն: Հիմա, մեր հիմնական տրանսֆերտների աղբյուրը՝ Ռուսաստանը, ունի որոշակի խնդիրներ և դուք նման տիպի զարգացումներ, առևտրի հետ կապված խնդիրներ կարող եք տեսնել անտեղ՝ Ռուսաստանի քաղաքներում»,-պարզաբանեց նա:
Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ եթե Հայաստանում առևտուրը նվազել է խանութներում, ավելացել է՝ տոնավաճառներում, գյուղատնտեսական այլ ապրանքներում:
«Այսինքն՝ տեղի է ունեցել սպառման որոշակի կազմի փոփոխություն, ինչի հետևանքով մենք ունենք որոշակի խնդիրներ՝ մասնավորապես առևտրի ոլորտում, ինչը պատշաճորեն արձանագրում է վիճակագրությունը, որ առևտրի ոլորտում մեզ մոտ ավելի ցածր են արդյունքները»,- ասաց նա և նշեց, թե Հայաստանում շուրջ 1.5-2%–ի հասնող զբաղվածության նվազում կա։
Փոխվարչապետը ակնհայտ համարեց, որ Հայաստանն այս տարի ունի գյուղատնտեսական ավելի լավ արտադրանք, գյուղատնտեսական ավելի մեծ արտահանում: «Եթե մենք ունենք առևտրի ու սպառման նվազում, դրան համապատասխան մեզ մոտ նվազում է տեղի ունեցել ներմուծման մեջ, արտահանման մեջ մեզ մոտ նվազումը անցած տարվա համեմատ շուրջ 1,3%-ի չափով է և ըստ տրամաբանության՝ մեզ մոտ տեղի է ունեցել փոխարինում և որոշակիորեն սպառման կրճատում»,- ասաց նա և նշեց, որ ներքին առևտուրը կրճատվել է ներմուծման հաշվին: