Հասարակություն 

Օգոստոսի 10-ից Իրաքից ՀՀ տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Օգոստոսի 10-ից Իրաքից ՀՀ տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում կհատի 41-ի սահմանը, իսկ Մեղրիում ջերմաստիճանը կլինի +42: Այս մասին օգոստոսի 7-ին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօրվանից ջերմաստիճանը նվազել է: Սև ծովից սառը օդային զանգված կներթափանցի: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով: Ամսի 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ», - ասել է Սուրենյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարվա հուլիսը Հայաստանի պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամիսներից էր:

«1943-ից առ այսօր օդի նման բարձր ջերմաստիճան չի գրանցվել: Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ը: Այդ օրն օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում հասել է +41-ի, իսկ Մեղրիում մի քանի օր շարունակ ջերմաստիճանը +42-ից չի նվազել»,- նշել է նա:

Սուրենյանի խոսքով՝ օգոստոսի 10-ից հատկապես հանրապետության հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն վերահսկել ոռոգման ռեժիմը: Նա բնակչությանը խորհուրդ է տվել խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց:

Նույն շարքից