«Էրեբունի» բժշկական կենտրոնում հուլիսի 29-ին մահացած քսանվեցամյա ծննդկան Մերի Մարգարյանին բուժող բժիշկ Շուշանիկ Բախշյանը կոպիտ անձ էր, որը մինչև այսօր էլ պնդում է, որ ինքը մահացած հիվանդի բուժման մեջ որևէ սխալ բան թույլ չի տվել, և «ով մեղավոր է, թող պատասխանատվություն կրի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մահացած ծննդկանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:
«Աղջկաս ասում էր՝ էս ինչ ես սարքել, մի հատ հավաքի քեզ: Կնոջը անպատվել էր՝ դուք ձեր հիստերիկայիով»,- պատմեց հայրը և նշեց, որ երբ բարձր ջերմությամբ աղջկան վերջապես ընդունել են հիվանդանոց և պառկեցրել, երբ այնտեղ են հավաքվել ծննդկանի ծնողները, սկեսուրն ու սկեսրայրը, բժշկուհին ասել է՝ «էս ինչո՞ւ եք 12 հոգով եկել, հարսանի՞ք» է:
Վաղինակ Մարգարյանը նշեց, որ բժշկուհին ոչ միայն կոպիտ էր, այլև անպատասխանատու, քանի որ շաբաթ-կիրակի օրերին, երբ աղջկա վիճակն արդեն շատ ծանր էր, Շուշանիկ Բախշյանը քաղաքից դուրս է գտնվել և կ՛ամ չի պատասխանել իրենց զանգերին, կա՛մ էլ հեռախոսով հրահանգներ է տվել, և միայն երկուշաբթի օրն է եկել հիվանդանոց, երբ Մերիի վիճակը արդեն շատ ծանր է եղել և նա արդեն գիտակցության ոչ ադեկվատ վիճակ է ունեցել։
«Իսկ մյուս բժիշկները շատ ձևական մոտեցում էր, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հիվանդը բժշկի սեփականությունն է և մինչև հրաման չեն ստանում տվյալ բժշկից, իրենց մոտ տենց դրված է, հիվանդին չեն մոտենում»,- ավելացրեց Մերի Մարգարյանի հայրը:
Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության Մերին և երեխան մահացել են թոքերի երկկողմանի բորբոքումից: